ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի եւ գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, Կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար: Այս մասին այսօր` մայիսի 11-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների եւ մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարեւոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն եւ համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին:




























