Գարեգին Բ-ն Հարավային Ամերիկա իր հովվապետական այցի շրջանակներում մայիսի 10-ին եղել է Մոնտեվիդեոյում: Նա Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքից Ուրուգվայի մայրաքաղաք է ժամանել  արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի անձնական օդանավով:

Գարեգին երկրորդը դրական է գնահատել Բրազիլիա իր այցելության արդյունքները` նշելով, որ հայկական դպրոցների եւ հասարակական միությունների համար ստեղծել է հիմնադրամ, որը մեկ օրվա ընթացքում կարողացել է հանգանակել 150 հազար դոլար:

Օդանավակայանից Գարեգին Բ-ն մեկնել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: «Շերաթոն» հյուրանոցում հանդիպելով համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ` Կաթողիկոսը պատասխանել է բազմաթիվ հարցերի` կապված, մասնավորապես, հայ - թուրքական արձանագրությունների, ջավախահայության վիճակի հետ: Նա նշել է, որ շուտով մեկնելու է Վրաստան` տեղում ուսումնասիրելու հայության հիմնախնդիրները:

Անդրադառնալով Ուրուգվայի հայ համայնքում առկա իրավիճակին` Գարեգին Բ-ն նկատել է, որ լարվածությունը հիմնականում մեղմացել է, եւ առաջարկել է միավորել կողք-կողքի գտնվող երկու հայկական դպրոցները:

Այսօր` մայիսի 11-ին Գարեգին Բ-ն հանդիպում է ունենալու Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի եւ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Աննա Օլիվերայի հետ: