Պատմական հուշարձանների վերաբերյալ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների շրջանակներում, Բաթումիում մզկիթ չի կառուցվելու: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Աջարիայի Գերագույն ռադայի նախագահ Միխայիլ Մախարաձեն:

Նրա խոսքով, այժմ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները ընթանում են Աջարիայում թուրքական մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ: «Թուրքական կողմը դեմ չէ մեր դրած պայմանին, թեեւ դեռ շատ հարցեր պետք է համաձայնեցվեն եւ բանակցությունները դեռեւս կշարունակվեն»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է վրաց պատրիարքարանի խնդրանքին` վրաց-թուրքական բանակցություններին մասնակից լինելու վերաբերյալ, ապա Աջարիայի Գերագույն ռադայի ղեկավարի խոսքով, երբ երկու պետությունների միջեւ ընթանում են դիվանագիտական բանակցություններ, ապա երրորդ կողմի ընդգրկումը, որպես կանոն, տեղի չի ունենում:

Հիշեցնենք, որ ըստ վրաց-թուրքական բանակցությունների, Վրաստանում պետք է կառուցվեին մզկիթներ, իսկ Թուրքիայում` վերականգնվեին վրաց մշակութային կոթողները: