Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարում, որը վարակվել է կորոնավիրուսով, բողոքել է «սարսափելի» ինքնամեկուսացման պատճառով։ Բացի այդ, նրան թռչուն է կտցահարել։

Բոլսոնարոն տեղափոխվել է կարանտին Բրազիլիայի նախագահի նստավայր Ալվորադա պալատում։

«Ես տանել չեմ կարողանում տանը նստել։ Դա սարսափելի է»,-ասել է նախագահը CNN հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում, եւ հավելել, որ իր ինքնազգացողությունը «շատ լավ» է եւ հույս ունի վերադառնալ աշխատանքի, եթե ավելի լավ զգա։

Բրազիլական ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ Բոլսոնարուին խոշոր թռչուն է կտցահարել նստավայրի սահմաններից դուրս զբոսանքի ժամանակ։

Նա կերակրում էր թռչուններին, երբ դրանցից մեկը կտցահարել է նրա ձեռքը։ Թվիթերում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ դեպքից հետո Բրազիլիայի առաջորդն ամուր սեղմել է ձեռքը՝ փորձելով մեղմել ցավը։