Գյումրիում կազմակերպված «Արտագաղթն ու դրա պատճառները» թեմայով հատուկ քննարկման ժամանակ ներկաներն անդրադարձել է Հայաստանում չդադարող արտագաղթին եւ այն ծնող հիմնական գործոններին:

«Հրապարակված վերջին տվյալներն անգամ վկայում, են, որ արտագաղթի չափերը գնալով ահագնանում են, Շիրակի մարզի բնակչությունն անմասն չի մնում   այդ  գործընթացից եւ  մարդիկ երկրում առկա խնդիրների  լուծումը տեսնում են ընտանիքով երկրից հեռանալու մեջ»,- ասել է Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանն ու հավելել. «Մեզ մոտ գնալով գույներն ավելի են մգանում, ապրելու ռիսկը Հայաստանում մեծանում է»:

Շիրակի մրցունակության կենտրոնի տնօրենն իր խոսքում, կենտրոնացել է հատկապես   գործարար հատվածի արտագաղթի վրա, համարել սա խիստ վտանգավոր: Նրա ներկայացմամբ, վերջին շրջանում իրենց  բիզնեսը գյումրեցիները տեղափոխում են հաեւան Վրաստան, որովհետեւ այնտեղ ավելի բարենպաստ պայմաններ են: «Վրաստանում գործարար հատվածի համար պայմանները բարենպաստ են, բոլոր էթնիկ խմբերի, բոլոր ազգությունների համար հավասար պայմաններ են ստեղծված, կոռուպցիոն ռիսկերը նվազ են: Իսկ Հայաստանում ֆինանսական միջոցներ կան, սակայն դրանցից օգտվել չի կարող գործարարը, բարձր տոկոսադրույքների պատճառով»,- ընդգծել է Գ. Ավագյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել էր, որ որոշ գործարարներ իսկապես, հեռանում են դեպի Վրաստան, սակայն, նշել էր, որ դա առանձին դեպքեր են եւ համատարած բնույթ չեն կրում: