Ճապոնիայի բնակչության առնվազն 33,7 տոկոսը համարում է, որ անհրաժեշտ է հետաձգել Տոկիոյում հաջորդ տարի կայանալիք Օլիմպիական եւ Պարօլիմպիական խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այդ մասին վկայում են Kyodo գործակալության կողմից անցկացված եւ կիրակի հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։

Հարցվածների եւս 36,4 տոկոսը հանդես են եկել մրցումները կրկնակի հետաձգելու օգտին։ Մինչդեռ երկրի բնակչության 23,9 տոկոսը կարծում է, որ Խաղերը պետք է կայանան հաջորդ ամառ։ Հարցումն անցկացվել է հուլիսի 17-19-ը բջջային եւ ստացիոնար հեռախոսների միջոցով պատահական ընտրանքով։ Հարցվածների թիվը չի նշվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տոկիոյում Օլիմպիադան պետք է անցկացվեր 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգվել են մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում՝ Օլիմպիական խաղերի անվանումը կպահպանվի՝ «Տոկիո-2020»։

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին իր կարծիքն էր հայտնել, որ եթե 2021 թվականի ամռանը չհաջողվի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, խաղերը կչեղարկվեն։ Նշվում է, որ Օլիմպիադան անցկացնելու չափորոշիչներ դեռեւս չկան։