Իտալիան հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը, բայց փոթորիկից հետո դեռ չի հասել «անվտանգ նավահանգիստ»,- ասել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Կարծում եմ, որ Իտալիան արեց դա: Ես խոսում եմ ոչ թե կառավարության, այլ ընդհանրապես ամբողջ երկրի մասին: Դա ակնհայտ չէր, մենք Չինաստանից հետո աշխարհում առաջինն էինք: Մենք ուղեցույց չունեինք, եւ հարկավոր էր իմանալ վիրուսի մասին»,- ասել է նա գուղատնտեսական ապրանքներ արտադրողների Coldiretti ասոցիացիայի ժողովում:
Նախարարի խոսքերով՝ համաճարակի ժամանակ ինքը կայացնում էր որոշումներ, որոնք նրան թույլ չէին տալիս քնել:
«Մենք դուրս եկանք փոթորկից, չնայած դեռ անվտանգ նավահանգստում չենք: Միջազգային իրավիճակը մտահոգիչ է, մենք այժմ տեսնում ենք համաճարակի ամենավատ պահը աշխարհում: Դա կդառնա անցյալ, երբ մենք պատվաստանյութ ունենանք»,- ասել է Սպերանցան:
Ապենինյան թերակղզում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 245 000-ի, ապաքինվել է ավելի քան 197 000 հիվանդ, մահացել է 35 073 մարդ: Վերջերս Իտալիայում նոր վարակների թիվը օրական կազմում է մոտ 200 եւ ավելի քիչ: Հիվանդանոցներում են գտնվում 800-ից քիչ պացիենտներ։ Ներկայում վարակի եւ մահվան դեպքերի քանակը համապատասխանում է համաճարակի սկզբնական շրջանին (փետրվարի վերջ-մարտի սկիզբ)։





























