Այս շաբաթ (մայիսի 10-13 ժամանակահատվածում) կանխիկ արտարժույթի շուկայում առեւտրային բանկերը գնել են մոտ 42 մլն դոլար, վաճառել 50 մլն դոլար։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Կենտրոնական բանկից, ընդհանուր առմամբ՝ արտարժութային շուկայում շարունակվում է պասիվ առեւտրի շրջանը, քանի որ վաճառված ու գնված արտարժույթի ծավալները բավական փոքր են։

Եթե պաշտոնապես հրապարակվող այս տվյալները ճիշտ են, ու փոխանակման կետերը չեն ավելացրել ստվերային շրջանառությունը, ապա վտանգ կա, որ դրանց մի մասը շուտով կփակվի՝ ցածր շահութաբերության պատճառով։

Նշենք, որ շուկայում որոշ չափով աճել է դրամային վարկերի նկատմամբ պահանջարկը՝ մայիսի 2-8 ժամանակահատվածում առեւտրային բանկերը տրամադրել են 26,6 մլրդ դրամ վարկ (համարժեք է մոտ 72 մլն դոլարին)։ Սա մոտ 2 անգամ գերազանցում է դոլարային վարկերի ծավալին, որը շաբաթվա կտրվածքով կազմել է 34,8 մլն դոլար։