Գյումրիի ակադեմիական երեք կառույցները, նաեւ փորձարարագիտական լաբորատորիան եւ Սեյսմիկ պաշտպանության ծառայության հյուսիսային բաժանմունքը գործում են տնակներում, ժամանակավոր վարձակալությամբ կամ վթարային շենքերում:
Ակադեմիական բոլոր կառույցները պետք է մեկտեղվեն մեկ շենքում, որի շինարարությունն սկսվել է 1996 թ-ին, եւ արդեն 15 տարի շարունակվում է: «Ե՞րբ կավարտվի շենքի շինարարությունը, եւ գյումրեցի գիտաշխատողներն ու ակադեմիկոսները ե՞րբ կսկսեն աշխատել արդեն նորմալ պայմաններում, առայժմ պարզ չէ: Գիտենք, որ շենք է կառուցվում, դարձել է դարի կառույցը, սկսվել է ու չի ավարտվում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երկրաֆիզիակայի եւ սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Գոռ Մանասյանը։
Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող մեկ այլ կազմակերպություն`Գյումրիի հայագիտական ինստիտուտը, գործում է վարձակալված տարածքում: «Սա, պետության, կառավարության անլուրջ վերաբերմունքի արդյունք է, վերջապես ե՞րբ պետք է ավարտվի այդ երկարատեւ, 18 ամյա կառույցը, մի օր պետք է չէ՞ ավարտվի»,-ասել Գյումրիի Հայագիտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Հայրապետյանը:
Գյումրիի փորձագիտական եւ կենսաքիմիական լաբորատորիաներն էլ տեղակայվելու են նորակառույցում: Փորձագիտականն այժմ վթարային կառույցում է, իսկ կենսաքիմիական լաբորատորիան դադարեցրել է իր գործունեությունը: Կենսաքիմիական լաբորատորիայի նախկին տնօրեն Սամվել Ալեքսանյանի խոսքով` «տնակներում աշխատել հնարավոր չէր»:
Նշենք, որ Ակադեմիական կազմակերպությունների համար նախատեսված շենքի շինաշխատանքներն սկսվել են 1996 թվականից: Այս տարի հատկացված գումարը 19 մլն դրամ է: Նման տեմպերով շարունակվելու դեպքում, ըստ գիտաշխատողների, շինարարությունն ավարտին հասցնելու համար կպահանջվի եւս 15 տարի:




























