Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանը հերքում է առաջիկայում իր պաշտոնանկության մասին  տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Կարապետյանն, անդրադառնալով  այդ մասին մամուլի հրապարակումներին, նշեց, որ իր պաշտոնանկության մասին երբեւէ որեւէ հարց չի քննարկվել, եւ իր համար տարօրինակ է, որ մամուլն այդ մասին գրում է: «Ոչ միայն նման քննարկում չկա, այլ անգամ որեւէ ակնարկ իմ պաշտոնանկության մասին չի արվել»,-հավաստիացրեց Սիսիանի դատախազը:

Նա նաեւ հավելեց, որ իր մասին մամուլում տեղ գտած հրապարակման մեջ միակ ճիշտ բանն այն է, որ ինքն իսկապես որեւէ «մեջք» չունի գործադիր իշխանությունում: «Ես ծանոթ-բարեկամ, քեռի, հորեղբայր չունեմ գործադիր մարմնում, հայրս մահացել է, մայրս 80-անց կին է: Նրանք երբեք չեն եղել համակարգում, մի  խոսքով, ծանոթ-բարեկամ չունեմ»,-նշեց նա: Սիսիանի դատախազից NEWS.am-ը փորձեց ճշտել`դատախազական համակարգը կարիք ունի՞ կադրային փոփոխությունների, ինչին ի պատասխան նա ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն Հայաստանի գլխավոր դատախազը:

Ի դեպ, օրերս Կրթության պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել Սիսիանի ավագ դպրոցում, որի տնօրենը Կարապետյանի կինն է` Նաիրա Ներսիսյանը: Սիսիանի դատախազն ասաց, որ ստուգումները անցել են «սովորական, առանց արտառոց որեւէ խախտման»:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է`փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» եւ պաշտոնանկ արվեն: Որպես քավության նոխազի առաջի պոտենցիալ թեկնածու նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը: Ըստ մամուլի տեղեկությունների` «ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որը դատախազությունում եւ գործադիր իշխանությունում կապեր չունի, եւ նրա պաշտոնանկությունը շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրա համար ոչ ոք «կռիվ չի տա»: 

Թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը հերքել է դատախազներին զոհաբերելու մասին լուրերը` դրանք անվանելով «երեւակայության արդյունք», «համակարգում ջուր պղտորելու փորձ»: