Կոտայքի մարզում մայիսի 11-ին 17:30-ի սահմաններում, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն` իր երկու որդիների` Գեղամի ու Արմենի, նաեւ մի քանի անձանց հետ Կոտայքի մարզի Հատիս գյուղում վիճաբանության մեջ է մտել գյուղացիների հետ եւ ծեծի ենթարկել նրանց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծի են ենթարկվել Հատիս գյուղի բնակիչներ հայր եւ որդիներ Գեւորգ, Ռազմիկ եւ Մեխակ Մեխակյանները եւ նրանց հետ գտնվող մի քանի մարդիկ:

Գյուղացիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիճաբանության ժամանակ Ջանվելյաններն իրենց մոտ եղած հրազենով կրակոցներ են արձակել:

Մայիսի 13-ի երեկոյան ձերբակալվել են Ջանվելյանի որդիները` Գեղամն ու Արմենը: Ոստիկանությունը փնտրում է Մարատ Ջանվելյանին:

Գյուղացիները հայտնել են նաեւ, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ Մարատ Ջանվելյանի անասունները մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Գյուղացիները կովերին մի տեղ են հավաքել եւ լուր ուղարկել Ջանվելյանին, որ գա կովերին տանի:

Մարատ Ջանվելյանն էլ իր տղաների ու կողմնակիցների հետ եկել է գյուղ ու գյուղացիների խոսքով, «մի կաթիլ մեղրի» պատմությունը սարքել:

Ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում Մարատ Ջանվելյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունն արդեն առգրավել է Արմեն Ջանվելյանի կողմից ներկայացրած 2 հրազենները:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օերնսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը եւ պահելը ) հոդվածների հատկանիշներով: