Շուրջ 5 ժամ տևած՝ բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց այսօր՝ հուլիսի 27-ին, ավարտվեց «Հայոց մայրեր» երգով:

«Պայքարը չի ավարտվում, այն ամենօրյա ռեժիմով շարունակվելու է, մինչեւ որ իրավապահական հարթակում փաստաբանները կհասնեն հաջողության»,- ակցիային ավարտին հայտարարեց «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամներից Հովհաննես Հարությունյանը:

Այնուհետև զինվորական համազգեստով դիմորդները «Հայոց մայրեր» երգով եւ «Հաղթելու ենք» կոչերով եզրափակեցին այսօրվա բողոքի ակցիան:

Նշենք, որ այսօր ժամը 12.00-ից բուհ չընդունված դիմորդները հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց եւ պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Մեկ ժամ սպասելուց հետո ցույցի մասնակիցները փակեցին Խորենացի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկն ու նստացույց սկսեցին փողոցի երթեւեկելի հատվածում: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի 2 մասնակցի, որից հետո ցուցարարները շարժվեցին ոստիկանություն եւ սպասեցին, մինչեւ ազատ արձակվեն բերման ենթարկվածները: Այնուհետեւ ակցիան կրկին շարունակվեց նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։