Կիթառահար Կարապետ Բուռնազյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ ահազանգել էր, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Ծիպոյի թաթիկներ» կոչվող խանութում փոքր  վանդակում մոտ 750 000 դրամով  վաճառում են կապիկ:

«Նորմալ երևույթ չի կապիկին սենց փոքր վանդակում կամ բնակարանում պահելը, վաճառելու մասին էլ չեմ խոսում...»,- գրել էր նա։

NEWS.am-ի հետ զրույցում  «Ծիպոյի թաթիկներ» խանութի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել։

«Գիտեմ ինչ թեմայով եք զանգահարել, ոչ մի հարցով չեմ կարող օգնել։ Համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Հավելենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ  տեսնչական մարմնի  կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցները Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված վանդակում պահվող կապիկի վերաբերյալ գրառման հետքերով անմիջապես այցելել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում գտնվող կենդանաբանական խանութ («Ծիպոի թաթիկներ»), տեղում իրականացրել ուսումնասիրություն և տվել ցուցում՝ կապիկին ավելի մեծ ազատավանդակ տեղափոխելու մասին, ինչն անմիջապես կատարվել է։