Ըստ էության ՀՀ երկրորդ նախագահի խոսքն ամեն ինչ ներառում էր իր մեջ, եւ ներկա վիճակի հետ կապված եւ ապագայի, ինչպես նաեւ այս երկու տարիների ընթացքում նոր իշխանությունների գործունեության հետ կապված: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝խոսելով Ռոբերտ Քոչարյանի օրեր առաջ տված հարցազրույցի մասին:
«Ռոբերտ Քոչարյանն իրոք ցույց տվեց՝ որպես քաղաքական գործիչ ծանրքաշային է եւ ըստ էության իր խոսքն ավելի շատ ուղղված էր մեր հանրությանը: Եթե նկատեցիք, նա ընդհանրապես «Մարտի 1»-ի դեպքերի մասին չխոսեց, դրանով ցույց տվեց, որ այն զրկանքները, որ այսօր կրում է. դա միայն ազատությունից զրկվելը չէ, այլ այն վերաբերմունքը, որ պետության սիմվոլին, հաղթանակի առաջնորդին ազատազրկում են: Բայց նա ցույց տվեց, որ նա շատ պագմատիկ քաղաքական գործիչ է եւ նա, ըստ էության տվեց լուծման բանալիները»,-ասաց Արամ Հարությունյանն ու հավելեց, որ այդ հարցազրույցը դեռեւս երկար կքննարկվի ու լավ կլինի, որ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն՝ գնահատելու, ընդունելու Քոչարյանի ասածի կարեւորությունը, նրա լիդերությունը եւ այս պահի նրա դերակատարությունը:
«Իրավիճակն այնպիսին է, որ անցումային վարչապետը հենց պիտի լինի այն մարդն, ով կկարողանա մեզ հանել այս վիճակից, քանի որ մենք այժմ կրկնակի պատերազմի մեջ ենք, եթե 1000 զոհը վիճակագրություն է, ապա մեկ զոհը ողբերգություն է այն ընտանիքի համար, որտեղ մահ է տեղի ունենում: Այն մարդիկ, ովքեր հիվանդներ ունեն պետք է հասկանան, որ Քոչարյանի իշխանության ուշացման ամեն օրը, ազդելու է իրենց հարազատների առողջության վրա»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց տվեց, որ նա ոչ միայն խաղից դուրս չէ, այլեւ հիմնական խաղացող է:





























