Հուլիսի 27-ին Զարթոնք համայնքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 ձերբակալվածներից մեկը համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը։
«Ձերբակալվել է նաև պարոն Պողոսյանի հարազատը, Հովհաննես Հովսեփյանն ու Զարզանդ Բաղչագուլյանը»,- ասաց Սամվել Աղաջանյանը՝ հավելելով, որ վերջին երկուսը նախկին գյուղապետի համախոհներն են։
Զարթոնքի 4 բնակիչները ձերբակալվել են 72 ժամով։ Վաղը լրանալու է ժամկետը։
«Փաստաբաններն այդ գործով են զբաղվում»,- ասաց համայնքի ղեկավարը։
Նա հավելեց, որ այս պահին համայնքում վիճակը հանգիստ է։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, Զարթոնքում համայնքի նախկին ղեկավարի, նրա համախոհների և ներկա ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանի և վերջինիս համախոհների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ Սուրեն Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն ու իր համախոհները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ դուրս գրվել։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:





























