Ռուսաստանն անվտանգության հարցերում տարածաշրջանի առանցքային խաղացողն է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «Ռուսաստանից շատ բան է կախված»: «Մյուս կողմից մենք երբեք չենք հուսացել, որ Ռուսաստանը հայամետ ամուր եւ միանշանակ դիրք կգրավի։ Ռուսաստանն, ամեն դեպքում, մեծ երկիր է, Ադրբեջանը եւս նրա հարեւանն է, այդ պատճառով Ռուսաստանը չի կարող սատարել հակամարտության կողմերից մեկին, ինչպես անում է Թուրքիան Ադրբեջանի դեպքում։ Բայց մյուս կողմից, Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։ Ռամական գործողությունների սկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքների դեպքում Ռուսաստանը պարտավորություններ եւ արձագանքելու հնարավորություն ունի»,- նկատել է Սերժ Սարգսյանը:
Հարցին, թե հուսալի՞ է արդյոք ապահովում ՀԱՊԿ-ն հայկական սահմանի անվտանգությունը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Համենայն դեպս, մենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվորեն համագործակցում ենք: Կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի ՀԱՊԿ անդամները միասնական գործեն: Կա նման վստահություն»:





























