Հայաստանի անկախության 20 տարիների գլխավոր ձեռքբերումը կայունության պահպանումն է երկրում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին, «ՌԻԱ Նովոստի»-ին եւ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համատեղ նախագծի շրջանակներում տված հարցազրույցում:
Սերժ Սարգսյանը նկատել է, որ երկիրը ստիպված է եղել ծանր ժամանակներ ապրել: «Երկրի տնտեսությունը պլանային ռելսերից շուկայականի անցման խնդիրների հետ մեկտեղ մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել, Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, քաղաքացիական պատերազմ էր ընթանում Վրաստանում: Այդ պայմաններում շատ բարդ խնդիր էր ապահովել բնակչությանը անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներով: Մենք լուրջ խնդիրներ ունեինք էներգաապահովման ոլորտում: Եւ այդ ամենը սարսափելի երկրաշարժի հետեւանքների ֆոնին, երբ հարյուր հազարավոր մարդիկ մնացին առանց տանիքի: Հայաստան էին ժամանել 500 հազար փախստականներ, որոնք փրկվում էին ոչնչացումից: Փախել էին` թողնելով իրենց ունեցվածքը լքված տներում: Եւ ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ կարողացանք կայունություն ապահովել»,- հստակեցրել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նկատել է, թե մտադիր չէ քննադատել իր նախորդներին: «Ղեկավարների մոտ միշտ կա նախորդներին քննադատելու գայթակղություն: Ես երկիրը գլխավորել եմ 2008թ. եւ առաջին իսկ օրից խուսափել եմ նման մոտեցումից: Նախորդներին քննադատել նշանակում է պատասխանատվությունը քո ուսերից բարդել ուրիշների վրա: Դա ճիշտ չէ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ասել է, թե երախտապարտ է իր նախորդներին եւ «բոլորին, ով լավ բան է արել Հայաստանի համար»:




























