Երեւանում մայիսի 16-18-ին կկայանան քննարկումներ «Հայաստան-Թուրքիա. Քաղաքականություն եւ մամուլ» թեմայով, որոնց մասնակցում են Հայաստանի ու Թուրքիայի հասարակական գործիչներ եւ լրագրողներ:
Քննարկման ընթացքում մասնակիցները կվերլուծեն հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները եւ դրանց արտացոլումը Հայաստանի եւ Թուրքիայի լրատվամիջոցներում, կծանոթանան Հայաստան-Թուրքիա երկխոսությունը խթանող չբացահայտված հնարավորությունների ուսումնասիրության նախնական արդյունքներին, Երեւանի մամուլի ակումբի եւ Իզմիրի համալսարանի փորձագետների կողմից իրականացրած՝ Մամուլի կողմնակալության վերաբերյալ հետազոտության արդյունքներին։ «Սթար Դեյլի» թերթի թղթակից Էլիֆ Շահինը միջոցառման մասնակիցներին կներկայացնի «Իրավիճակը Թուրքիայում եւ կայանալիք պառլամենտական ընտրություններ» թեմայով զեկույց, կծավալվեն նաեւ այլ քննարկումներ:
Մասնակիցները կքննարկեն քաղաքացիական հասարակության մակարդակում մինչ օրս անտեսված՝ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Միջոցառումների շարքը կեզրափակվի մայիսի 18-ին` հայ-թուրքական հարաբերությունների մասին ակտիվ եւ որակյալ լուսաբանում ապահովող լրագրողի մրցանակաբաշխության արարողությամբ:
Միջոցառումը իրականացվում է Կոնսորսիումի կողմից, որը միավորում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Նախագիծը ֆինասավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:





























