Թերթն իր խմբագրականում անդրադարձել է հայ իրականության մեջ հաճախ հանդիպող իռացիոնալ մտածողության դրսեւորումներին: ««Իմ դարդերը քիչ էին, հարեւանս էլ «Մերսեդես» առավ»։ Այս ասացվածքի արդիական տարբերակն է՝ «հերիք չի մենք Եվրատեսիլի եզրափակիչ դուրս չեկանք, Ադրբեջանն էլ այդ մրցույթում հաղթեց»։

Եթե որեւէ մեկը կարեւորում է այդ միջոցառումը (ես, ինչպես արդեն ասել եմ, նրանց թվում չեմ), ապա պետք է զբաղվել առաջին հերթին սեփական «դարդերով», մտածել, թե ինչպես ե՛ս կարող եմ ինձ ավելի լավ դրսեւորել, ոչ թե երազել հարեւանիդ տապալվելու մասին։

Ընդհակառակը՝ կարելի է օրինակ վերցնել հարեւանից, վարձել որեւէ արտասահմանցու, ասենք՝ ֆրանսիացու եւ ուղարկել նրան Բաքու։ Նախ՝ ֆրանսիացին այնտեղ ավելի քիչ խնդիրներ կունենա, քան հայը, երկրորդ՝ իր երգը կատարելուց հետո հնարավորություն կունենա բացականչելու՝ «Merci beaucoup»: Կամ՝ «Մերսի, Բաքու», որը տվյալ դեպքում նույնն է լինելու»։