Օգտագործելով գերմանական Մարշալի հիմնադրամից ստացված 23 500 դոլար դրամաշնորհը` Ստամբուլի Կադիր Հաս համալսարանը ծրագրում է այս ամիս հայոց լեզվի դասընթացներ սկսել: Այդ մասին գրում է «The International Herald Tribune»-ը:

Համալսարանի ներկայացուցիչ Սարդար Դինլերն ասել է, թե դասընթացը  Հայաստանից ժամանած դոկտորանտների համար է, որոնք այցելում են  երկրների միջեւ մշակութային փոխանակման շրջանակում:

«Թուրքիան դառնում է տարածաշրջանում դիվանագիտության կենտրոն: Բացի այդ, թուրքական կառավարությունն իրականացնում է նոր քաղաքականություն` «զրո խնդիր հարեւանների հետ», ուստի մենք կարծում ենք, որ Թուրքիայում նոր սերունդը պետք է ավելի արդյունավետ երկխոսություն վարի հարեւան երկրների հետ` ներառյալ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Հունաստանը եւ այլն: Լեզուների իմացությունը կարող է միայն օգնել»,-ասել է Դինլերը:

Նշենք, որ Կադիր Հասը մասնավոր համալսարան է, որը հիմնվել է 1997-ին: