Միակ դրական բանը, որ այս իշխանությունը գյուղատնտեսության մեջ իրականացնում է դա 0 տոկոսով վարկերի տրամադրումն էր մինչև 1 մլն դրամի։ Սակայն, դժբախտաբար, այդ գումարից շատ քիչ գյուղացիներ կարողացան օգտվել։ Եթե 0 տոկոսով գյուցացուն վարկ տային, դա իրոք հեղափոխություն կլիներ գյուղատնտեսության ոլորտում, բայց կիսատ թողեցին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։
«Գյուղացիները ուրախացել, ոգևորվել էին, որ վերջապես մի լավ բան է տեղի ունենալու, բանկերի առաջ հերթ կանգնեցին, մի քանիսն օգտվեցին, երևի իրենց ծանոթներին էլ բաժանեցին, մնացածին՝ չտվեցին։ Բանկը թալանում է գյուղացուն, որ բանկի դիմացը նայում ես «Ջիպ» ու «Մերսեդես» է կանգնած, բարձր աշխատավարձով բանկում աշխատում, ֆռֆռում են, խեղճ գյուղացի։ Նախկինում հսկայական տոկոսներով էին վերցնում, հիմա 0 տոկոսով, բայց դե էլի պարտքով գումար է, չգիտի՝ կարկուտը կգա, բերքին վնաս կտա՞, թե ինչ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով նախատեսել էր վարկերը տրամադրել մինչև 24 ամիս ժամկետով։ Ֆինանսավորման 50%-ը իրականացրեցին առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, իսկ մինչև 50 %-ն էլ Կառավարությունը, որի տված ֆինանսավորումը անտոկոս է, իսկ բանկերի ու վարկային կազմակերպությունների տոկոսները կսուբսիդավորի Կառավարությունը։
«Էն որ ասում են՝ խելացի գոմ, խելացի ջերմոց, չգիտեմ ինչ, դրանք մի քանի մլն դրամից է սկսում, աղքատ գյուղացին պետք է կարողանա ունենա էդ մի քանի մլն դրամը։ Ցույց են տալիս բանկի ճանապարհը, բանկն էլ չի տալիս էդ փողը, ստացվում է, որ օգտվում է հարուստը, աղքատ գյուղացուն համար ոչ մի բան չեն անում»,- դժգոհեց Սարգիս Սեդրակյանը։
Ըստ նրա՝ շատ ծրագրեր կան, որոնք եթե իշխանություններն անեն, ապա հեղափոխական կլինի, սակայն նախկին իշխանություններից մնացած ծրագրերն են իրականացնում։
Սարգիս Սեդրակյանն ընդգծում է, որ բացի համաճարակից, Հայաստանին սպառնում է նաև պատերազմի վտանգը, և այս պարագայում իշխանությունները պետք է աշխուժացնեն գյուղատնտեսությունը։
«Ոչ մի բան չեն անում, Գյուղնախարարությունը փակեցին, երկու ջահելի են բերել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել, ոչ գործից են հասկանում, ոչ բան։ Կար ժամանակ, երբ գյուղոլորտը տալիս էր ՀՆԱ-ի մինչև 40 տոկոսը։ Եթե այդքան տոկոս է տալիս և ազգաբնակչության մոտ 36 տոկոսից ավելին գյուղատնտեսության ոլորտում է ներգրավված, այդ դեպքում հիմարություն է Գյուղնախարարությունը փակել։ Մեր մոտ, եթե մի բան կա, որ առաջին հերթին պետք է զարգացնել, դա գյուղատնտեսությունն է, որպեսզի գյուղերը չդատարկվեն, որպեսզի գյուղացին ունենա ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ, ի՞նչ են անում, ոչ մի բան, հակառակը՝ համայնքների խոշորացում են անուն։ Բռնել նախկին իշխանությունների սխալ քաղաքականությունը շարունակում են այս իշխանությունները։ Համայնքների խոշորացումով գյուղերը դատարկվում, ծերանում են։ Որոշ մարդիկ ասում են՝ դե ի՞նչ էր անում Գյուղնախարարությունը, համաձայն եմ, նախարարությունը առաջ աշխատում էր օլիգարխի համար, դրսից գրանտներ, վարկեր, տարբեր տեսակի օգնություններ էին ստանում, և դրանցից օգտվում էին մի քանի ֆեոդալներ, այս կամ այն դեպուտատի բարեկամները, կամ էլ տերն իրենք էին, բայց չէր երևում։ Պետք էր Գյուղնախարարությունը գլխով շրջել դեպի գյուղացին, այնպիսի մասնագետ դնեին, որն ասեր՝ այ, հիմա աշխատեք այնպիսի բաներ անել, որ գյուղական աղքատությունը նվազի, արտագաղթը նվազի, գյուղատնտեսությունը զարգանա։ Սա պետք է անեն, բայց չեն անում»,- ասաց Սարգիս Սեդրակյանը։
Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Այդ նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել՝ խթանելով աշնանացան ցորենի արտադրությանը։ Նախարարությունը հույս է հայտնում, որ այս ծրագրի արդյունքում հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակը կբարձրացմանա շուրջ 30 %-ով։ Մեր հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն են այս կանխատեսումները, «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահն նախ ընդգծում է, որ ցորենի սերմացուն պետք է լինի հատուկ զտված, տեսակավորված, ախտահանված, այլ կերպ ասած՝ պետական ստանդարտներին համապատասխան։
«Բերքատվությունը էն ժամանակ կբարձրանա, երբ նորմալ սերմ ընտրեն, ճիշտ տեխնոլոգիա տրամադրեն, և այլն։ Այդ բոլորն ազդում է բերքատվության վրա։ Սովետական տարիներին վարի խորությունը 25-ից 35 սմ էր՝ կախված հողերից։ Հիմա ամբողջ Հայաստանում ման գաք, տենց խորությամբ ոչ մի տեղ չկա, 15 սմ-ով անում են, իրար խաբում ու մի կողմ քաշվում։ Իրանցից անկապ դուրս են տալիս, թե այսքան տոկոս կավելենա։ Էդ որ ասում են՝ բերքատվությոը կշատանա մի քիչ հեքիաթ է, հո ձեռքով չեն ցանում, էսօր ի՞նչ մեխանիզացիա են օգտագործում՝ սովետական տարիներից մնացած, հնամաշ գյուղտեխնիկա, դրանք վաղուց պետք է «թոշակի» անցած լինեին, բայց նորից աշխատում են։ Կոմբայինը, որ այն կողմից գալիս է, ասում եմ՝ հեսա մասերը կթավփեն վրայից, որովհետև էնքան հին են, որ ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասում է պարոն Սեդրակյանը, ապա հավելում․
«Գյուղացուն ասում են՝ գնա սերմ վերցրու, ես քեզ մեկ կլիոգրամի մեջ 70 դրամ կտրամադրեմ, գյուղացին շատ գիտի՝ որտեղի՞ց վերցնի էդ սերմը, ո՞վ գարանտ կկանգնի, որ էդ սերմը կցանեն, նորմալ բերք կտա»։
Սարգիս Սեդրակյանը նշում է, որ եթե մտադիր են սերմացու ցորեն տալ, ապա նախօրոք պետք է լաբորատոր պայմաններում ստուգեն, փորձարկեն, տեսենեն, թե ինչ արդյունք է տալիս, նոր ժողովրդին տրամադրեն։
Սարգիս Սեդրակյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞վ է պայմանավորված մրգի գնաճը, ինչին ի պատասխան նա ասաց՝ «բնության դաժանությամբ»։
«Չհասցրեց ժամանակին կարգին ծաղկի, բերք տա»,- նկատեց նա։
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալների՝ մրգի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.6% գնաճ։




























