Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է հյուրանոցների ու զբոսաշրջային տների ներկայացուցիչների հետ եւ քննարկել հյուրանոցային տնտեսության զարգացման, Երեւանում զբոսաշրջային բիզնեսին հյուրանոցների առավել գործուն մասնակցությանն ուղղված հարցեր:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով Երեւանը որպես բրենդ աշխարհին հասանելի եւ ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը, քաղաքապետը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը:
«Անհրաժեշտ է ճիշտ, թիրախային քարոզչություն եւ ճկուն գնային քաղաքականություն, անհրաժեշտ է, որ հյուրանոցների ասոցիացիան գործնական քայլեր ձեռնարկի եւ ծրագրեր առաջարկի այս ուղղությամբ»,– նշել է քաղաքապետն ավելացնելով, որ անհրաժեշտ է նաեւ առավել ակտիվ եւ սերտ համագործակցել զբոսաշրջային օպերատորների հետ:
Հանդիպման մասնակիցներն առանձնացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման պարագայում ոլորտի աշխուժացումը զգալի կլինի:
Վերջիններս մասնավորապես նշել են համապատասխան օտարալեզու ուղեցույցների ու քարտեզների, ուղղորդող ցուցանակների, մայրաքաղաքում հասարակական զուգարանների եւ մի շարք այլ խնդիրների անհրաժեշտության մասին: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող բոլոր հարցերի ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ տարվում են եւ նշված խնդիրները շուտով իրենց լուծումը կստանան: Իսկ որպեսզի աշխատանքներն առավել համակարգված եւ գործնական հունով ընթանան, Երեւանի քաղաքապետն առաջարկել է շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել, որն էլ, համապատասխան հիմնավորումներով, կոնկրետ առաջարկություններ կներկայացնի:
Որպես առաջին գործնական քայլ, քաղաքապետն առաջարկել է ամանորյա տոներին մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու հյուրերի համար առավել գրավիչ դարձնելուն ուղղված ծրագրային առաջարկություն ներկայացնել:





























