ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հնարավոր թունավորումը հարուցում է Սպիտակ տան լուրջ մտահոգությունը եւ կարող է ազդել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Նա շատ համարձակ մարդ է։ Նա շատ համարձակ քաղաքական գործիչ է, որը Ռուսաստանի ներսում հակազդել է [Վլադիմիր] Պուտինին, եւ մենք մեր մտքերով ու աղոթքներով նրա ու նրա ընտանիքի հետ ենք»,- ասել է Օ՛բրայենը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում։
«Սա չափազանց մտահոգում է, եւ եթե դրա հետեւում կանգնած են ռուսական իշխանությունները․․․ դա այն է, որ մենք պատրաստվում ենք հաշվի առնել ռուսների հետ մեր հետագա գործողություններում»,- շեշտել է Օ՛Բրայենը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի պատասխան Ալեքսեյ Նավալնու հնարավոր թունավորմանն առնչվող լրագրողի հարցին ասել էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է ստացվող տեղեկությունները եւ հետեւում իրադարձությունների զարգացմանը։





























