Այս տարվա ընթացքում Հունգարիայի նախագահը կայցելի Հայաստան: Այս մասին այսօր` մայիսի 18-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների գործարարների միջեւ ակտիվ շփումներին օժանդակելը` տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց եւս ընդգրկելով պատվիրակությունների կազմում: Նրա խոսքով, հայ-հունգարական առեւտրատնտեսական կապերը դեռեւս չեն գտնվում բավարար մակարդակի վրա:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է ԵՄ-ն ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում եւս համագործակցության ընդլայնումը: Հունգարիայի Աժ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների` կարեւորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԱԺ նախագահի կարծիքով, եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք եւ բարի կամք դրսեւորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել:





























