Դեմոկրատները Միացյալ Նահանգները կնետեն քաոսի մեջ, եթե Ջո Բայդենը հաղթի նոյեմբերին նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ազգային քաղաքականության հարցերով խորհրդի ամենամյա նիստում, որը տեղի է ունեցել Արլինգթոնում, Վիրջինիա նահանգ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Եթե մեր ընդդիմախոսները հաղթեն, մեր երկրում ոչ մեկն անվտանգության մեջ չի լինի,- ասել է Թրամփը՝ դեմոկրատների Ազգային համագումարի ավարտից հետո իր առաջին հրապարակային ելույթում դիմելով պահպանողական ակտիվիստներին։ - Ես միակն եմ, որը կանգնած է ամերիկյան երազանքի եւ լիակատար անարխիայի, խելահեղության ու քաոսի միջեւ»։

Նախապես ազդարարելով հիմնական թեման, որը հանրապետականները պատրաստվում են քննարկել հաջորդ շաբաթ իրենց համազգային համագումարում, Թրամփը շեշտադրել է օրենքի եւ կարգի հաստատման թեման, որը նա որոշել է առաջ մղել ի պատասխան ոստիկանության դաժանության եւ ռասիզմի ամերիկյան խոշոր քաղաքներում, ներառյալ Փորթլենդում (Օրեգոն նահանգ) տեղի ունեցած զանգվածային բողոքների։

Թրամփն ասել է, որ քաղաքներում, որոնք կառավարում են դեմոկրատները, ոստիկանությունը թուլացած է, եւ որպես օրինակ բերել է Չիկագոյում, Մինեապոլիսում, Նյու Յորքում եւ Ֆիլադելֆիայում սպանությունների ալիքը։ Նա ամերիկացիներին կոչ է արել մերժել «արմատական ձախ սոցիալիստների եւ մարքսիստների» գաղափարները։ Թրամփը նաեւ Փորթլենդի ցուցարարներին «խելագարներ» է անվանել։

«Այսպիսով՝ նոյեմբերի 3-ին խաղասեղանին է դրվելու մեր երկրի ապագան եւ ըստ էության՝ մեր քաղաքակրթության ապագան»,- հայտարարել է նա։

Թրամփն իր ելույթում դեմոկրատների ավարտված համագումարը, որի ժամանակ մրցակցող կուսակցության ղեկավարները նախագահին խիստ քննադատության են ենթարկել, անվանել է «ԱՄՆ պատմության մեջ ամենամռայլը, ամենաքինոտը եւ ամենախոժոռը»։