«Պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ առնվազն 2 տարիների ընթացքում ՍԴ կայացրած որևէ որոշում չի խոչընդոտել հանրային իշխանության և այլ մարմնի գործունեությանը». Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը։ Պատասխանելով Սաթիկ Սերյանյանի այն հարցին, արդյոք ճիշտ է այն տեսակետը, որ ՍԴ ճգնաժամի պատճառը նախկինում ընտրված դատավորներն են, նախկին ռեժիմի ներկայացուցիչները, Արեւիկ Պետրոսյանը շեշտել է՝ Սահմանադրական դատարանում առ 2020 թվականի հունիսի 26-ը ճգնաժամ չի եղել:

«Սահմանադրական դատարանը իրականացրել է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր որոշումները, որ կայացրել է, որևէ խնդիր չեն առաջացրել իշխանության այլ թևերի և Սահմանադրական դատարան դիմող այլ սուբյեկտների իրավունքների իրացման հետ կապված, չի եղել որևէ նիստ որը չկայանա և չի եղել որևէ որոշում, որը իրավազորության քվորումի պատճառով չկայացվի»,- ասել է ՍԴ դատավորը:

Ինչ վերաբերվում է նախկին ռեժիմի ներկայացուցիչը լինել-չլինելու հարցադրմանը ՍԴ դատավորը նշել է, որ չի հասկանում՝ ինչ է նշանակում նախկին ռեժիմի դավավոր լինել ասվածը.

«Ես սկսել եմ պաշտոնավարել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում ավարտական պետական քննություններ հանձնելու ժամանակ, ինձ հանրապետության նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի աշխատակազմից, իրենց նախաձեռնությամբ հրավիրել են աշխատանքի, այնուհետև ես պաշտոններ եմ զբաղեցրել, այնպիսիք, որոնք նշանակելու իրավասությունը եղել է վարչապետներինը, նախագահինը»,- ասել է նա և հավելել.

«Պատիվ եմ ունեցել պետական շինարարությանը մասնակցություն ունենալ պետական կառավարման համակարգում նոր համակարգերի ներդրմանը և ինձ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակել է իր հրամանագրով, նշանակումները եղել են 2 անգամ, ես իհարկե շնորհակալ եմ պետական կառավարման համակարգում, պետական շինարարությանը մասնակցություն ունենալու հնարավորության համար:

Ինչպես նշանակման պահին, այնպես էլ նշանակումից հետո իմ գործունեության վրա քաղաքական որևէ ներազդեցություն՝ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու, չի եղել:

Շնորհակալ եմ նաև հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որն ինձ նշանակել է ՍԴ անդամ 2010 թվականին և կրկին շնորհակալ եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, այս 10 տարիների ընթացքում որոշումների կայացման վրա որևէ ազդեցություն չի եղել»:

ՍԴ դատավորը նշել է, որ ինքն է իր որոշումները կայացրել եւ այդ որոշումների կայացման պատասխանատուն ինքն է:

«Ինչ է նշանակում նախկին ռեժիմի ներկայացուցիչ լինել՝ ես չեմ հասկանում:

Եթե դա այն է, որ տվյալ պահի քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նշանակումներ կատարելը կամ Ազգային ժողովում ընտրված լինելը քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, այդպիսի օրինակներ ՍԴ-ում այսօր էլ կան և ոչ միայն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այդպիսի նշանակումներ եղել են նաև 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն 2018 թվականի ապրիլից հետո, ինչպես դա եղավ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի պարագայում»,-ասել է Արեւիկ Պետրոսյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշումների խոչընդոտմանը իշխանությունների գործունեության վրա ազդեցություն ունենալուն ՍԴ դատավորը նշել է.

«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ առնվազն 2 տարիների ընթացքում 2018-ից 2020 թվականի հունիսի 26-ը ՍԴ կողմից կայացրած որևէ որոշում չի խոչընդոտել հանրային իշխանության այլ մարմնի գործունեության իրականացմանը, ընդհակառակը կարող եմ ներկայացնել բազմաթիվ օրինակներ, երբ ՍԴ որոշումները կենսագործելու համար հակասահմանադրական ճանաչված, սահմանադրաիրավական բովանդակության հետ կապված որոշումները և պատգամավորներն ու կառավարության անդամները դրել են իրենց օրենսդրական նախաձեռնությունների հիմքում, այդ թվում արտահերթ նիստերի միջոցով ՍԴ որոշումներից բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները կատարել»: