Գերմանական ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողություն է սահմանել Բեռլինի Charite հոսպիտալում, որտեղ տեղափոխել են Ալեքսեյ Նավալնիին, հաղորդում է «ՄԲԽ մեդիա»-յի թղթակիցը։
Հիվանդանոցի մոտ հերթապահում է ոստիկանության մի քանի ավտոբուս, ինչպես նաեւ շուրջ 10 իրավապահ։
Նախօրեին Նավալնիին տեղափոխել են Բեռլին Օմսկից։ Այժմ գերմանացի բժիշկները հետազոտում են քաղաքական գործչին, որից հետո նրա ընտանիքին կներկայացվի նախնական ախտորոշումը։
Օմսկի հիվանդանոցում Նավալնիի նախնական ախտորոշումը «նյութափոխանակության խախտում» էր, թեպետ ռուս բժիշկներն այդ խախտման պատճառը չեն նշում։ Ընդ որում՝ Օմսկի շրջանի առողջապահության վարչությունից հայտարարել են, որ Ալեքսեյ Նավալնիի մեզի մեջ հայտնաբերվել է ալկոհոլ եւ կոֆեին։
«Պացիենտի վիճակի վարկածներից մեկն անհայտ թույնով թունավորումն էր։ Սակայն արդեն այսօր կարելի է վստահաբար ասել, որ օքսիբուտիրատներ, բարբիտուրատներ, ստրիխնին կամ սինթետիկ թույներ չեն հայտնաբերվել։ Մեզի մեջ հայտնաբերվել է ալկոհոլ եւ կոֆեին»,-ասված է առողջապահության վարչության հաղորդագրության մեջ։
Մի քանի եվրոպական երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն առաջարկել են ապաստան Ալեքսեյ Նավալնիին։
Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է Օմսկում ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո, որով քաղաքական գործիչը վերադառնում էր Մոսկվա Տոմսկից։ Նա գտնվում է կոմայի մեջ, նրա վիճակի գնահատվում է կայուն ծանր։
Նավալնիի կողմնակիցների կարծիքով՝ նրան կարող էին թունավորել։ Փաստաբաններն արդեն ներկայացրել է դիմում ՔԿ՝ պահանջելով հարուցել քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով։





























