Կատալոնիայի կառավարությունը որոշել է կորոնավիրուսի տարածման պատճառով խստացնել կարանտինային միջոցառումները եւ ինքնավար միության ամբողջ տարածքում արգելել հավաքվել 10 մարդուց ավելի խմբերով՝ բացառությամբ, երբ դա տեղի է ունենում աշխատավայրում կամ տրանսպորտում։ Երկուշաբթի այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել կառավարության ղեկավար Կիմ Տորան, հայտնում է El Periodico-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ միջոցառումը մտցվում է 15 օրով։ Նշվում է, որ պահպանվում են գիշերային զվարճանքի հաստատությունների աշխատանքի սահմանափակումները։

Կատալոնիայի իշխանությունները նաեւ հայտնել են, որ սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը դպրոցներում անցկացվելու է մոտ 500 հազար ՊՇՌ թեստ՝ համաճարակաբանական իրավիճակի գնահատման համար։ Պարբերականը նշում է, որ առաջիկա օրերին հայտարարվելու են լրացուցիչ միջոցառումներ։

Կորոնավիրուսի տարածման սկզբից Իսպանիայում հայտնաբերվել է ավելի քան 386 հազար հիվանդացած։ Մարտի կեսին Իսպանիայում մտցվել է պատրաստվածության բարձր ռեժիմ։ Այս միջոցառումը թույլ է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը։ Ռեժիմի գործողությունն ավարտվել է հունիսի 21-ին։

Իսպանիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են ապրիլյան ցուցանիշների համեմատությամբ։ Այդուհանդերձ, սահմանափակումների մեղմացումից հետո երկրում դեռեւս գրանցվում են հիվանդության տեղային բռնկումներ, սրա հետ կապված ինքնավար տարբեր մարզերի տարածքային իշխանությունները ստիպված են նորից մտցնել ավելի խիստ կարանտինային միջոցառումներ։