Ազգի գենոֆոնդը վտանգված է. խոսքը Ալավերդի քաղաքի կամ նրա
շրջակա բնակավայրերի բնակիչներին է վերաբերում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԳԱԱ-ի Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Նրա խոսքով, հզոր հանքալեռնային հանգույցը ներկայումս բարձիթողի վիճակում է, Ալավերդիում գործող մետաղաձուլարանը, բազմաթիվ հանքախորշերը վերջին տասնամյակում աղտոտել են շրջակա միջավայրը, իսկ այսօր արդեն վտանգավոր նյութերը շրջակա միջավայրից հայտնվել են սննդային շղթայում, հետեւավոր իրենց վտանգավոր ազդեցությունն ունեն մարդու օրգանիզմում։
«Ծանր մետաղները տոքսիկ են, մուտոգեն եւ քաղցկեղածին, դրանք արդեն
անդրադառնում են գյուղմթերքի որակի վրա։ Դեբեդի կիրճում աճեցվող գրեթե ամբողջ գյուղմթերքը այսօր իրենից վտանգ է ներկայացնում։ Կարող է առաջացնել քաղցկեղ, բացասական ազդեցություն ունենալ մարդու ժառանգականության վրա, ազդել նաեւ մարդու վերարտադրողականության ֆունկցիաների վրա»,-ասաց Ա. Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ իրենք բազմաթիվ անգամ ահազանգել են խնդրի վերաբերյալ, իսկ վերջին մեկ տարում տարբեր լրատվամիջոցներով, ու տարբեր նամակներ են գրել տարբեր գերատեսչությունների, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չկա։
Ա. Սաղաթելյանի ներկայացմամբ, հանքալեռնային արդյունաբերությունը վերջին տասնամյակներում աշխատել է առանց վերահսկողության և բարձիթողի վիճակում։
«Կառավարությունը պետք է շատ ավելի աչալուրջ լինի, այստեղ խոսքը գնում է ազգի գենոֆոնդի պահպանման մասին, քանի որ հետագայում եթե գենոֆոնդի մուտացիաներ լինեն, այն վերականգնելը շատ բարդ կլինի»,-ասաց Ա. Սաղաթելյանը։





























