Գյումրին հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է, սակայն ամեն բան կենտրոնացած է Երեւանում եւ գործարարների համար հաճախ Գյումրիում գործունեություն ծավալելը համարվում է ոչ հեռանկարային:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  Շիրակի մրցունակության կենտրոնի տնօրեն Գայանե Ավագյանը: Նա բերել է Վրաստանի օրինակը, նշելով, որ Թբիլիսիից կարեւոր բոլոր գերատեսչությունները տեղափոխում են այլ քաղաքներ: «Իրոք, մարդիկ այնտեղ աշխատում են: Նախարարությունները տեղափոխվում են Թբիլիսիից, ապակենտրոնացվում են գերատեսչությունները այլ քաղաքներում:

Մենք էլ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն հաճախ ենք բախվում այս խնդրին եւ անընդհատ անհրաժեշտություն է առաջանում գնալ Երեւան»,-ասել է Մրցունակության կենտրոնի տնօրենը, շարունակելով, որ մայրաքաղաքից դուրս, մյուս բոլոր բնակավայրերը, մասնավորապես Գյումրին, բիզնեսի համար համարվում է ռիսկային գոտի: Դրանից դարձյալ գոծարարը վնասներ է կրում:

«Խոշոր վարկեր տրամադրել տեղի գործարարին, բանկերը խուսափում են, որովհետեւ նրա ունեցվածքը այստեղ գնահատում են կրկնակի ցածր՝ Երեւանի հետ համեմատ»,- ամփոփել է նա: