Շիրակի մարզպետարանի աշխատակիցները դժգոհ են մնացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության`աղքատ գյուղերի դասակարգումից: Ըստ այդմ, Շիրակի մարզից առավել աղքատ ճանաչվել են 15 գյուղեր:

«Մեր մարզի գյուղերը հյուսիսային գոտիներում են, անբարենպաստ է եղանակը, Շիրակի մարզի աղքատ գյուղերի ցանկը շատ ավելին պետք է լիներ, քան այլ մարզերինը, որ առավել բարենպաստ գոտիներում են»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանը: Մարզի գյուղվարչության պատասխանատու Մովսես Մանուկյանի մեկնաբանմամբ `աղքատ գյուղերի դասակարգման համար որպես չափանիշ, հավանաբար, ընտրվել է մեկ անձին բաժին հասնող հողատարածքը, սակայն ըստ Մանուկյանի` Շիրակի մարզի համայնքներն ավելին պետք է լինեին, քան 15-ը:

«Եթե Արագածոտնում 40 եւ ավելին են, մեզ մոտ ավելի շատ պետք է լինեին, այնտեղ եւ այգեգործությունն է զարգացած եւ բերքատվությունն է բարձր եւ գյուղերն ավելի քիչ են»,-բացատրել է Մովսես Մանուկյանը:

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը պաշտոնապես դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ու խնդրել վերանայել ՀՀ առավել աղքատ կամ չքավոր գյուղերի ցանկը եւ այդ ցուցակում ներառել եւս 15 գյուղ Շիրակի մարզից:

Հիշեցնենք, որ նման դասակարգում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն իրականացրել  էր մոտ մեկ ամիս առաջ, երբ Ռուսաստանից ներկրված գարու սերմացուն սպասվածից քիչ էր եւ հնարավոր չեղավ բաժին հանել ՀՀ բոլոր գյուղացիական տնտեսություններին, ուստի ընտրվեց առավել աղքատ կամ չքավոր 317գյուղ եւ սերմացուն բաժին հասավ այդ գյուղերին: