«Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին` նախընտրական ցուցակներ կազմելիս առաջնորդվել որոշակի տրամաբանությամբ` ավելացնել կանանց թիվը»,- այսօր` մայիսի 20-ին կառավարության նիստի ընթացքում նման կոչով կուսակցություններին դիմեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունն այսօր հավանություն տվեց գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրին, որում նախատեսվում է օրենսդիր եւ գործադիր մարմիններում կանանց տեսակարար կշիռը հասցնել մինչեւ 30 տոկոսի: Տ. Սարգսյանը խոստացավ, որ գործադիր իշխանության մարմիններում այսուհետ կառաջնորդվեն այդ սկզբունքով: Իսկ որպեսզի ծրագիրն ավելի մեծ հասարակական հնչեղություն ստանա` խորհրդարանում կկազմակերպվեն քննարկումներ եւ լսումներ:

Հիշեցնենք, որ հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսված են 2012 թ. մայիսին: