Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովի եւ անձամբ իր անունից շնորհավորել է հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին 87-ամյակի առթիվ:

Շնոերհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ձեր ինքնատիպ  երգն ու կատարողական յուրօրինակ ոճը որպես համաշխարհային մշակույթի անկրկնելի մաս, հմայել ու այսօր էլ հմայում են միլիոնավոր ունկնդիրների  Ֆրանսիայում եւ Հայաստանում, աշխարհի տարբեր անկյուններում:

Ձեր արվեստը սրտամոտ է տարբեր ազգությունների ու սերունդների մարդկանց:

Ձեր կախարդական ձայնն իր ջերմությամբ ու անկեղծությամբ  տասնյակ տարիներ շարունակ մտնում է մարդկանց հոգիներն ու անսպառ էներգիա տալիս: Իսկ Հայաստանում Ձեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա ոչ միայն արվեստի երկրպագուների, այլեւ ողջ հասարակության մեջ` իբրեւ մշակութային մարդու եւ մարդկային մշակույթի փայլուն համադրություն, իբրեւ արժանապատիվ հայ եւ ազգային գործիչ, իբրեւ միաժամանակ ֆրանսիական, հայկական եւ համաշխարհային մշակույթի կրող»:

Մայիսի 22-ին Շառլ Ազնավուրը դարձավ 87 տարեկան: Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ. հայ ներգաղթյալների ընտանիքում: 9 տարեկանից երգում եւ նվագում է բեմում: Հեղինակ է հազարից ավելի երգերի, նկարահանվել է 60 ֆիլմերում: Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն շանսոնյե: 2008-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել, իսկ 2009-ից հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: