NEWS.am-ը ներկայացնում է չինական «Սինհուա» պետական լրատվական գործակալության կայքում հրապարակված «Գնաճը սպառնում է Հարավային Կովկասի տնտեսությունների վերականգնմանը» հոդվածը:
Թեեւ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումներն այս տարի Հարավային Կովկասի համար խոստանում են տնտեսական հեռանկարներ, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը մշտապես ահագնացող գնաճի պայմաններում նախկինի նման պետք է պատրաստ լինեն պակաս վարդագույն սցենարների:
Ֆիսկալ քաղաքականության խստացումը կհանգեցնի արժույթի ամրացմանը, ինչն իր հերթին որոշակիորեն կկրճատի գնաճը եւ հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում դառնա տնտեսական լճացման պատճառ:
Այս հանգամանքներում ակնհայտ է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տարածաշրջանի տնտեսության վերականգնման համար առանցքային է դառնում պայքարը գնաճի դեմ:
«Տնտեսության վերականգնամն համար Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ կլինի լուծել գնաճի հիմնախնդիրը, դիմակայել պարենի բարձր գների հետ կապված հասարակական ճնշմանը, միեւնույն ժամանակ վտանգի տան չդնել ֆինանսական կայունությունը», - նշում է ԱՄՀ-ի տնօրենի Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւլքի երկրների գծով տեղակալ Դեւիդ Օուենը:
Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսը` Վրաստանն ու Հայաստանը գնաճի պատճառ են համարում պարենի եւ վառելիքի համաշխարհային գների բարձրացումը: 2010թ. Վրաստանում գնաճը կազմեց 11,2 տոկոս` առավելագույն ցուցանիշը վերջին տասը տարում: Հայաստանում անցած տարի գնաճը հասավ 9,4 տոկոսի: Նավթի եւ գազի արտահանման շնորհիվ Ադրբեջանում գնաճը 2010 թվականին վերջում կազմեց 5,7 տոկոս:
Իրավիճակը սրվեց 2011թ. առաջին եռամսյակում, որի ընթացքում երեք երկրներն էլ հայտնեցին գնաճի ավելի բարձր մակարդակի մասին: Վրաստանն ու Հայաստանն առավել խոցելի են գնաճի պայմաններում, քանի որ երկուսն էլ պարենի եւ վառելիքի ներմուծող են: Այդ ամենը հանգեցրեց երկու երկրների արտաարժութային պահուստների կրճատմանն ու հսկայական առեւտրային դեֆիցիտի:
ԱՄՀ-ի կանխատեսումներով, ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,3 տոկոս, իսկ գնաճը` 9,3 տոկոս:
ԱՄՀ-ի զեկույցի համաձայն, Հայաստանն ու Վրաստանն ունեն հսկայական դեֆիցիտ: ԱՄՀ-ն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին նաեւ զգուշացրել է, որ անհրաժշետ է իմանալ սոցիալական ճնշման մասին, որը կապված է մեծ գնաճի հետ: Պարենի բարձր գներն ու գործազրկության բարձր մակարդակը կհանգեցնեն աղքատության աճի, ինչն էլ կարող է դանալ հասարակական անկայունության եւ հուզումների պատճառ: Հարավային Կովկասի երեք երկրներն էլ բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար կրճատել են պետական ծախսերը: Միեւնույն ժամանակ Վրաստանը վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցրել է մինչեւ 8 տոկոս, Հայաստանը` մինչեւ 8,5 տոկոս: Ադրբեջանն այս տարվա մարտ ամսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3-ից բարձրացրեց մինչեւ 5 տոկոս:




























