Մթնոլորտի շրջանառությունն այնպիսին է, որ առաջիկա երկու-երեք օրերին Հարավային Կովկասի տարածաշրջանը կգտնվի արեւմտյան եւ հարավ արեւմտյան օդային հոսանքների ազդեցության տակ. դա նշանակում է, որ հյուսիս-արեւմուքում գտնվող իսլանդիական Գրիմսվոթն հրաբխի մոխրի ամպը Հայաստան չի հասնի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Խոսակցությունները, թե մոխրի ամպը, հնարավոր է հասնի անգամ Իսպանիայի ափեր, կարծում եմ՝ հիմնավոր չեն, որովհետեւ ասում են, որ մոխիրն իր տեսակով բավական ծանր է եւ շուտ կնստի։ Բացի այդ, եթե դատելու լինենք խոսակցություններից, ապա օդային հոսանքները մոխրի ամպը տանելու են դեպի Ռուսաստանի հյուսիսային հատված, բայց ոչ մի դեպքում՝ հարավային մաս, այնպես որ, մոխրի ամպը չի հասնի Հայաստան, հանգիստ եղեք»,- հավաստիացրեց Զարուհի Պետրոսյանը։

Նշենք, որ Գրիմսվոթն հրաբուխն Իսլանդիայի հարավում սկսել է ժայթքել մայիսի 21-ին:

Հրաբխի նետած ծխի եւ մոխրի բարձրությունը հասնում է 11-15 կիլոմետրի:  ինչպես հաղորդում է իսլանդական հեռուստաընկերությունը, հրաբխից ավելի քան 200 կմ շառավղով հայտարարվել է  ոչ թռիչքային գոտի:

Օդերեւութաբանները, սակայն, կարծում են, որ  այս դեպքում միջազգային ավիափոխադրումների առումով էական խնդիրներ չեն առաջանա, ինչպես  նախորդ տարի Էյաֆյատլայոկուդլ հրաբխի դեպքում:

Ըստ օդերեւութաբանների` հրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել ձյան հալոցքի եւ  մոտակա շրջանների` հալոցքաջրերով ողողման: