Լիբանանի իշխանությունները մեկուսացրել են երկրի ավելի քան 100 քաղաքն եւ գյուղ այն բանից հետո, երբ վերջին օրերին հարյուրավոր մարդիկ վարակվեցին կորոնավիրուսով` հիվանդանոցային մահճակալների պակասի ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:

Հրաժարական տվող ՆԳ նախարար Մոհամմեդ Ֆահմին հայտարարել է, որ 111 քաղաքի ու գյուղի ամբողջական մեկուսացման մասին հրամանն ուժի մեջ կմտնի կիրակի առավոտյան եւ կտևի մինչեւ հոկտեմբերի 12-ը:

Այս ցուցակում ներառված են երկրի հյուսիսում, հարավում, արեւելքում եւ կենտրոնում գտնվող քաղաքներ եւ գյուղեր, ինչպես` նաեւ Բեյրութի մատույցները: Ընդ որում, մեկուսացման ժամանակահատվածում բոլոր պետական ​​եւ մասնավոր հաստատությունները եւս կփակվեն, բոլոր միջոցառումները կչեղարկվեն: Նշվում է, որ տաճարների բացման եւ փակման հետ կապված հարցերի համակարգմամբ կզբաղվի առողջապահության նախարարությունը` երկրի կրոնական ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բացի այդ, պարետային ժամը եւս ուժի մեջ կմնա:

Վերջին շաբաթներին Լիբանանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել. 5 միլիոն բնակչությամբ երկրում փետրվարից ի վեր գրանցվել է ավելի քան 40.000 դեպք, մահվան դեպքերի թիվը 374 է:

Միայն հինգշաբթի 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1.248 դեպք է գրանցվել, յոթ հիվանդ մահացել է: