Ֆրանսիայի հարավում հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, մի քանի մարդ անհայտ կորել է: Ըստ կանխատեսողների` իրավիճակն առաջիկայում դժվար թե բարելավվի, հաղորդում է Vesti.ru-ն:

Ամենավատ իրավիճակը ծովափնյա Ալպերում է: Սեն-Մարտին-Վեզյուբի կոմունայում Բորեոն գետի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով կամուրջ է փլուզվել: Տեղական Nice-Matin թերթի տվյալներով` որոնվում է 11 մարդ, որոնք անհայտ կորել են: Ավելի քան 8 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

Փրկարարներն ավելի քան 200 օպերացիա են իրականացրել: Մինչդեռ Meteo France օդերեւութաբանական ծառայությունը շաբաթ առավոտյան 150-250 մմ տեղումներ էր կանխատեսում, տեղ-տեղ` մինչեւ 450 մմ:

Ծառայությունը եղանակային վտանգի ամենաբարձր «կարմիր» մակարդակ է հայտարարել ծովափնյա Ալպերում: