Արվեստի նմուշները եւս առուվաճառքի առարկա են, թեեւ արվեստի ներկայացուցիչներից շատերը վիրավորվում են, երբ իրենց աշխատանքը նույնացնում ես բիզնեսի հետ: Համենայնդեպս` Վերնիսաժում սեփական նկարներ վաճառող նկարիչը երբեք իրեն գործարար չի համարի, անկախ նրանից` հաջող են ընթանում գործերը, թե` ոչ:

Այսպես, թե այնպես, գոյություն ունի պաշտոնական վիճակագրություն, ըստ որի` Հայաստանից տարեկան արտահանվում է 800-1000 հատ նկար: Ընդ որում` արտահանվող նկարների քանակը վերջին տարիներին ունի նվազման միտում: Այսպես` 2011 թ. առաջին եռամսյակում արտահանվել է 82 նկար, այնինչ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում արտահանվել էր 305 նկար: Սակայն ավելի քան 2 անգամ աճել է արտահանվող նկարների մաքսային արժեքը: Եթե 2010 թ. յուրաքանչյուր արտահանվող նկար գնահատվել է միջինը 600 դոլար, ապա այս տարի` արդեն 1000 դոլար:

Նկարները արտասահման արտահանողները հիմնականում սփյուռքահայերն են, որոնք առավելապես նախընտրում են Արարատի պատկերով տարաբնույթ նկարներ: Նկարիչների մի մասը չարախոսում է մյուսների հասցեին, ասելով, որ միմյանցից պատճենում են ու ոչ մի նոր բան չեն նկարում, նկարչությունը դարձրել են բիզնես:

Ընդ որում` առավել ստեղծագործական հակում ունեցող նկարիչները հանգստյան օրերին հավաքվում են Օպերայի մոտակայքի Վերնիսաժում, իսկ, այսպես կոչված,բիզնեսմեն-նկարիչները` Խանջյան փողոցի հարակից տարածքում: Եկամուտների տեսանկյունից, վերջիններս իսկապես շատ ավելի հաջողակ են, ու շատ քիչ են բողոքում վատ կյանքից, իսկ ահա Օպերայի մոտ համարյա յուրաքանչյուր զրուցակից բողոքավոր է: Սակայն նրանցից համարյա ոչ ոք չմտաբերեց, որ 1000 դոլարով նկար է վաճառել:

Ասում են, հավանաբար, խոսք է գնում անմիջապես իրենց արվեստանոցներից վաճառք իրականացնողների մասին, քանի որ իսկական արվեստի սիրահար օտարերկրացիները նախապես տեղեկանում են, թե որտեղ կարող են ծանոթանալ հայտնի նկարիչների գործերին:

Բացի նկարներից, օտարերկրացիները Հայաստանում հետաքրքրություն են ներկայացնում հնաոճ իրերի նկատմամբ: Այստեղ վիճակագրությունն արձանագրել է արտահանման աճ, թեեւ ծավալներն այնքան էլ մեծ չեն: Հավանաբար նաեւ այն պատճառով, որ այդ իրերի մի մասը իրականում մաքսատանը չի հայտարարագրվում:

Պաշտոնապես` 2010 թ. արտահանվել է 100-ից ավելի բարձր տարիքով 1.2 տոննա հնաոճ իր` մոտ 10 անգամ ավելի շատ, քան 2009 թ.: Այս տարվա առաջին եռամսյակում արդեն հասցրել են արտահանել 91 կգ հնաոճ իրեր` 37 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: