Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է ավելի քան 72 հազարով, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 6.75 միլիոնը, վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հնդկաստանն երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով: Դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7.49 միլիոն դեպք:

Օրական ավելի քան 1.1 միլիոն թեստերի արդյունքների համաձայն` բժիշկները հիվանդությունը հաղթահարած ավելի քան 82 հազար մարդ են գրանցել: Կորոնավիրուսից առողջացած մարդկանց ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 5.74 միլիոն մարդը:

Հիվանդանոցներում ավելի քան 907 հազար մարդ է բուժում ստանում: Անցած օրվա ընթացքում այս թիվը նվազել է ավելի քան 11 հազար մարդով: Մահացությունների թիվը գերազանցել է 104 հազարը, վերջին օրվա ընթացքում մահացել է 986 մարդ:

Միեւնույն ժամանակ, Հնդկաստանի բժշկական հետազոտական ​​խորհրդի կողմից անցկացված երկրորդ շճաբանական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ վիրուսի տարածվածությունը կարող է շատ ավելի լայն լինել: Ըստ հետազոտության` Հնդկաստանում, որի բնակչությունը գերազանցում է 1.3 միլիարդը, 18 եւ բարձր տարիքի մարդկանց 7.1 տոկոսը կորոնավիրուսի է ենթարկվել: Ուսումնասիրությունն անցկացվել է օգոստոսի 17-ից սեպտեմբերի 22-ը, որին մասնակցել է 29 հազար մարդ:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ էր հայտարարել: