ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջիկա հայտարարությունից շրջադարձային պահեր ակնկալել չարժե: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատանքային խմբի համակարգող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով, հայտարարության մեջ կրկին հղումներ են լինելու լրամշակված մադրիդյան սկզբունքներին, նաեւ տարածաշրջանում ռազմական գործողաւթյունների անթույլատրելիության մասին ձեւակերպումներ:
«Աշխարհում գիտակցում են, որ պատերազմի հնարավորությունն ավելի իրական է դառնում: Միջազգային հանրությունն ու միջնորդ-երկրները ծայրահեղ շահագրգռված չեն, որ տարածաշրջանում սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ,- ասել է Սկակովը` նկատելով, որ դա պետք է հասկանան առաջին հերթին հակամարտության կողմերը:
Քաղաքագետի խոսքով, նման մոտեցումը դրական կազդի ստեղծված իրավիճակի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դովիլում G8 գագաթաժողովում ներկայացվելու է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահի եռակողմ հայտարարությունը:




























