Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցված քրեական գործով  որեւէ պաշտոնատար անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Թե ի՞նչն է դրա պատճառը` հայտնի չէ, այն դեպքում, երբ, կարծեք, հայտնի են խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց անունները:

Ինչպես հայտնի է, հայտնաբերված խախտումների հետեւանքով, աշխատանքից ազատվեց ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, ով այժմ առողջական խնդիրների հետեւանքով Գերմանիայում է: Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, «մեռած հոգիներին» թոշակներ նշանակելու գործում մեծ դերակատարություն է ունեցել նաեւ մի քանի ամիս առաջ լուծարված` Սոցապ պետական հիմնադրամի վճարման ծառայության ղեկավար Հովհաննես  Գրիգորյանը: Ի դեպ, ամենամեծ խախտումները հայտնաբերվել են Երեւանում, որտեղ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմն է զբաղվել կենսաթոշակների վճարմամբ:

Ըստ որոշ տեղեկությունների, նա է կենսաթոշակ բաժանողների վրա`  թոշակառուներից  200-ական դրամ գանձելու պլանի հեղինակը: Այդ գումարները մեջ-մեջ են արել ծառայության մի քանի պատասխանատու անձինք:

NEWS.am-ը փորձեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ պարոն Գրիգորյանից, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց. նրա հեռախոսն անջատված է: Ծառայությունից հայտնեցին, որ անցյալ տարի դեկտեմբեր ամսից, ինչ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից, որեւէ առնչություն նրա հետ չունեն, ավելին` նա գուցե լքել է Հայաստանը: Ըստ լուրերի, Գրիգորյանը Հայաստանում չէ եւ մոտ 15 օր առաջ մեկնել է արտասահման: Ճիշտ այն ժամանակ, երբ Գերմանիա մեկնեց Խաչիկյանը: Հավանաբար, նրանց մեկնումը համաձայնեցված է եղել:  

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ,  ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար ու յուրացրել այն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: