Հայաստանի կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նոտարական գրասենյակների աշխատանքին: «Ցավով պետք է նշեմ, որ դեռեւս մեր մոնիտորինգի արդյունքները գոհունակության տեղ չեն տալիս, մարդիկ շարունակում են դժգոհ մնալ նոտարների աշխատանքից, իրավիճակը պետք է շտկել»,- նշել է վարչապետը:
Վերջինս, սակայն, դրական տարրեր է սկսել տեսնել կադաստրի աշխատանքում: «Ծառայությունների մոնիտորինգը մենք շարունակում ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շաբաթվա մեր մոնիտորինգի արդյունքներով էապես դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքում։ Բյուրոկրատական քաշքշուկը վերացված է, ծառայությունները մատուցում են բարձր որակով, քաղաքացիներն էլ գոհ են այդ ծառայություններից։ Նույնը պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»:



























