Այսօր որեւէ մեկը, ով լուրջ գործարար նպատակներ ունի` չի կարող սահմանափակվել ներմուծմանն ուղղված զուտ առեւտրային գործունեությամբ: Նման հայտարություն արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում ունեցած ելույթում:
«Միգուցե այդ տեսանկյունից գործունեությունը շատ ավելի հեշտ է կամ պարզապես սովորական է դարձել: Բայց այսօր պետք է ձեր առաջ դնեք շատ ավելի լուրջ խնդիրներ, սահմանեք շատ ավելի լուրջ նպատակներ»,-գործարարներինն հորդորեց Ս. Սարգսյանը:
Հանրապետության նախագահը կրկին վստահեցրեց, որ տեղական արտադրության խթանումը կառավարության առաջնային նպատակն է: «Այդ տեսակի գործունեությունն իհարկե շատ ավելի աշխատատար է, բայց մենք ծույլ ժողովուրդ չենք: Այո, այն պահանջում է նոր ռեսուրսներ, ու բարդ հաշվարկներ, սակայն մեր տնտեսության բոլոր փորձագիտական գնահատումները ցույց են տալիս, որ մեր երկրում առկա են չօգտագործված հնարավորույթուններ ու նման աշխատանք կատարելու համար անհրաժեշտ մասնագետներ»,- ասաց Ս. Սարգսյանը:
Իր կողմից` կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը: Ըստ Ս. Սարգսյանի` փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, սարքավորումների ներկրման ժամանակ ավելացված արժեքի հարկի հետաձգումները, նորարարական արտադրության հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի սկիզբը եւ մի շարք նախաձեռնություններ հիմք են ստեծում երկրում գործարար տրամադրությունները փոխելու համար:



























