Կառավարությունում այսօր` մայիսի 27-ին տեղի է ունեցել պետական խորհրդանշանների հանրահռչակմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչմանը, արժեւորմանը եւ հանրահռչակմանն ուղղված միջոցառումները: Միջոցառումների ցանկը ներառում է մի շարք ձեռնարկումներ` կրթական ծրագրերի իրականացում, գրքերի եւ ուսումնական ձեռնարկների հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, պետական խորհրդանիշների կիրառմամբ քաղաքացիական դաստիարակության, հայրենասիրական թեմաներով ֆիլմերի ցուցադրում, ինչպես նաեւ թանգարանային ցուցադրությունների եւ ցուցահանդեսների, մրցույթների կազմակերպում եւ այլն:
Օրակարգի մեկ այլ հարցով «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը հանդես է եկել պետական խորհրդանշանների օրը հունիսի 15-ին նշելու առաջարկությամբ, քանի որ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:
Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ ՀՀ մշակույթի նախարարության գլխավորությամբ` բաղկացած բոլոր շահագրգիռ նախարարությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ներկայացնել 2011թ. հունիսի 15-ին կազմակերպվելիք միջոցառումների ծրագիր:




























