Այս տարի Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանող իտալերեն երկու գիրք` Էմանուելե Ալիպրանդիի «Ղարաբաղի իրավունքները. փոքր երկրի եւ մեծ ժողովրդի պատմություն» եւ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Ղարաբաղի խնդիրը. փշոտ ճանապարհ դեպի ազատություն եւ անկախություն»:

Այդ գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության եւ Իտալիայի ԱԳՆ հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների իտալական ընկերության (ՄԿԻԸ) (Società Italiana per l’Organizzazione Internazionale – SIOI) համատեղ կազմակերպմամբ: ՄԿԻԸ հանդիսանում է Իտալիայի ԱԳՆ համար դիվանագիտական տարբեր դասընթացներ կազմակերպող եւ իրականացնող ամենահեղինակավոր հաստատությունը:

ՀՀ դեսպանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ «միջոցառումն ունի երկակի կարեւորություն` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ոչ միայն առաջին անգամ իտալերեն լեզվով գիտական նման աշխատանքներ հրատարակելու, այլեւ առաջին անգամ Իտալիայի ԱԳՆ ռազմավարական կենտրոնում Հարավային Կովկասի համար առանցքային նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջոցառում կազմակերպելու տեսանկյունից»:

Դեսպան Կարապետյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաեւ այդ գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դրսեւորումները: