Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրվել է «Հայաստանի կառավարության եւ Գերմանիայի կառավարության միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ Գերմանիայի տրանսպորտի, շինարարության եւ քաղաքաշինության նախարար Պետեր Ռամզաուերը:
Տրանսպորտի ոլորտում, բացառությամբ օդային, առաջին անգամ է Գերմանիայի հետ ստորագրվում համաձայնագիր,ինչը հիմք կհանդիսանա երկուստեք հետագա համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Նախարար Մ.Վարդանյանը Պ.Ռամզաուերին ներկայացրել է Հայաստանում իրականացվող եւ նախատեսվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը:
Հաշվի առնելով գերմանական ճանապարհաշինարարական ընկերությունների լավագույն փորձը բետոնե ճանապարհների կառուցման գործում` Մ.Վարդանյանն առաջարկել է այդ հարցում փորձի փոխանակում կատարել եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման վերջում նախարար Մ.Վարդանյանը գերմանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան` մոտիկից ծանոթանալու տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու առկա խնդիրներին:



























