Առաջին հանրապետության օրը տոն է, որն ունի բացառիկ նշանակություն հայ ժողովրդի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` ընդգծելով պետականության վերականգնման կարեւորությունը:
Նրա խոսքով` որպեսզի Առաջին Հանրապետության օրվան արժանի գնահատական տրվի` հարկավոր է պատմական էքսկուրս կատարել, հիշել, որ 5-6 դար Հայաստանը զրկված է եղել պետականությունից, եւ երկարատեւ պայքարից հետո 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովրդին հաջողվեց վերագտնել ցանկալի անկախությունը:
«Հռչակելով հանրապետությունը` հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր ընդհատված զարկերակը: Եւ այժմ պետությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի այդ տոնը վերածվի հասարակության սեփականությունը, քանի որ տոները ունեն միավորող նշանակություն ազգային արժեքների ձեւավորման հարցում: Պետության համար պետք է կարեւորություն ներկայացնի Հայաստանում եւ սփյուռքում Առաջին Հանրապետության օրվա արժեքներով միավորված հասարակություն ունենալը»,-ասաց նա: Պատգամավորը միաժամանակ նշեց, որ ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի այսօրվա տոնի խորհուրդը, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա պետականության կարեւորության գիտակցման համար:




























