Պետական բյուջեի նախագծում մշակվել եւ ներկայացվել են ոստիկանության գործունեության վերջնական արդյունքի գնահատման նպատակային ցուցանիշները: Այս մասին նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նա, մասնավորապես, ներկայացրեց հետեւյալ ցուցանիշները. հասարակության վստահության մակարդակի բարձրացում. 2011-ին այս ցուցանիշը 30 տոկոս էր, իսկ 2022-ին այն պետք է հասնի 60 տոկոսի, հանցագործությունների բացահայտման մակարդակի բարձրացում. 2019-ին այս ցուցանիշը 58 տոկոս էր, սակայն մինչեւ 2022 թվականը այն պետք է հասնի 62 տոկոսի, ավելի լատենտ հանցագործությունների բացահայտման մակարդակի բարձրացում. 2019-ին այդ ցուցանիշը 7.9 տոկոս էր, իսկ 2022-ին այն պետք է արդեն 8.1 տոկոս լինի, լուրջ ՃՏՊ-ների քանակի նվազում. 2019-ին այս ցուցանիշը 0.33 տոկոսի մակարդակում էր, իսկ 2022-ին այն պետք է 0.3 տոկոսի հասնի:





























