2021 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պետբյուջեից 250 միլիոն դրամ կամ 1.8 տոկոսով ավելի շատ միջոցներ կստանա, քան 2020 թվականին: Այս մասին նոյեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը:
Այսպիսով, 2021 թվականին գերատեսչության կարիքների համար կհատկացվի 14 միլիարդ 181 միլիոն դրամ: Դրանից Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությանը կհատկացվի 11 միլիարդ 767 միլիոն դրամ, ինչը 381.6 միլիոն դրամով կամ 3.4 տոկոսով ավելին է, քան 2020 թվականին:
Ընդ որում, ԱԻՆ ոլորտում քաղաքականության մշակման վրա կծախսվի 1 միլիարդ 82 միլիոն դրամ, ինչը 28 միլիոն դրամով կամ 2.5 տոկոսով պակաս է, քան 2020-ին: Ինչպես պարզաբանեց փոխնախարարը, դա պայմանավորված է օպտիմիզացմամբ գերատեսչությունում եւ աուդիտի կրճատմամբ: Բացի այդ, 803 միլիոն դրամ կհատկացվի սեյսմիկ պաշտպանության համար: Դա 85 միլիոն դրամով պակաս է, քան 2020-ին:
«360 միլիոն դրամ կհատկացվի ռազմավարական պահուստների կառավարման համար: Նույն գումարը հատկացվել էր նաեւ 2020 թվականին: Արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման հնարավորությունների համար նախատեսված է 122.5 մլն դրամ, ինչը 3.7 մլն դրամով պակաս է, քան 2020 թվականին: Տեխնիկական անվտանգության համար նախատեսվում է 46.3 մլն դրամ հատկացնել: Այս գումարը փոփոխության չի ենթարկվել»,- պարզաբանեց Նազարյանը:
Փոխնախարարը հայտնեց նաեւ, որ աճել են արտակարգ իրավիճակների նախարարության էներգետիկ ծախսերը, ինչպես նաեւ` տրանսպորտային միջոցների եւ տեխնիկայի նորոգման ծախսերը:





























