Ղարաբաղյան հարցում Բաքվի քաղաքականությունն ուղղված է ստատուս քվոյի պահպանմանը: Այս մասին «Հ1»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հավելելով. «Ադրբեջանը խեղաթյուրելով ամեն ինչ, դնելով այնպիսի հարցադրումներ, որոնք հեռու են իրականությունից եւ որոնք անընդունելի են ոչ միայն հայկական կողմերի համար, այլ նաեւ միջնորդների համար, ինքը դրանով ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը»:
Նրա խոսքով, չափազանց կարեւոր է, որ հայկական կողմերը միանշանակ հայտարարեցին, որ լիակատար ընդունում են այն մոտեցումները, որոնք առաջարկվել են այդ փաստաթղթում: «Մենք այդպիսի հստակ պատասխան Բաքվից չենք ստացել՝ հակառակը՝ մենք ստացել ենք դրա խեղաթյուրումներ: Այդ տեսակետից այն գիծը, որը որդեգրել է Բաքուն, հենց ուղղված է ստատուս քվոյի պահպանմանը եւ այս հայտարարությունը եւս մեկ հնարավորություն է, շանս է Բաքվի համար վերջ դնել այդ իր քաղաքականությանը եւ եթե ինքը ցանկանում է առաջընթաց, այլ ոչ թե ստատուս քվոյի պահպանում, ապա վերջապես հրաժարվի իր այդ նախորդ քարոզչական, կյանքից կտրված ամբողջ այդ քարոզչությունից եւ փորձի իրականում առաջ շարժվել, որպես մենք վերջապես ունենանք Կազանում իրական արդյունք»,- ասել է ԱԳ փոխնախարարը:
Հարցին, թե ինչպե՞ս կընթանան բանակցությունները մինչեւ հունիսին կայանալիք հերթական ռաունդը, Շ. Քոչարյանը նշել է. «Բաքուն կանգնած է կեղծիքի մեջ թաղված, անդունդի եզրին: Ժամանակն է սթափվելու, ժամանակն է իրատեսական լինելու: Ժամանակն է ոչ թե խեղաթյուրելու ամեն ինչ՝ պատմությունը հակամարտության, փորձել իր իսկ պատասխանատվությունը հետեւանքների համար գցել հայկական կողմերի վրա:
Բոլոր ամբիոններից լացուկոծ դնել տարածքների մասին: Ինչո՞ւ ԼՂՀ-ն օկուպացված տարածքներ չունի՞: Հենց Ադրբեջանի կողմից: Իհարկե ունի: Բայց նա շատ հստակ վճռական է եւ հասկանում է, որ վերջ ի վերջո կարողանալու է իր վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ վերականգնել: Եվ ոչ թե լացուկոծ անելով, այլ ցանկալի է, որ հենց բանակցությունների շնորհիվ: Այդ տեսակետից հեռանկարը երեւի կերեւա նաեւ մայիսի 28-ին: Որովհետեւ այդ իրարամերժ հայտարարությունները, որոնց մասին ասում էինք, ընդամենը նախապատրաստական էին արդեն Ադրբեջանի Նախագահի ելույթի համար: Տեսնենք նա ինչ կհայտարարի: Հենց իրենց անկախության օրվա ժամանակ: Եթե դա լինի նույն կեղծիքները, նույն մեղադրանքները, նույն, որը բնորոշ է Բաքվին, նույնիսկ անձնական վիրավորանքները: Երբ չկան փաստարկներ, դիմում են անձնական վիրավորանքների: Դա մեր ոճը չէ: Մենք փաստերով ենք խոսում, միջազգային հանրությունը փաստերով է խոսում, Բաքուն խոսում է վիրավորանքներով: Այն պարագայում, երբ որ ինքը սկսի խոսել փաստերով, այն պարագայում, երբ որ ինքը միակողմանի մոլորության մեջ չգցի առաջին հերթին սեփական ժողովրդին, մենք կարող ենք ակնկալել, որ հնարավոր է առաջընթաց: Իսկ առաջընթացը դա մեկ օրվա խնդիր չէ, մեկ ամսվա խնդիր չէ, պետք է կամք դրսեւորել, լինի այն կարեւորագույն քայլը Կազանում, որից հետո էլ կողմերի համար, երեք կողմերի համար՝ երկու հայկական եւ ադրբեջանական երկար ճանապարհ կա, որպեսզի մենք կարողանանք հասնել այն խաղաղությանը, այն կայունությանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանին»:



























